ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանը ստացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։
ՍԴ–ն դիմումը ստացել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։27-ին, «Mulberry» էլեկտրոնային համակարգով։
Որպես դիմումի փաստական հիմք նշվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։
«Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը 10 կողմ, 4 դեմ ձայնով հաստատել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Նրան մանդատից զրկելու որոշման հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
Այս հիմքերով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 6-ին որոշում էր կայացրել պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին և այդ որոշումն ուղարկել Գագիկ Ծառուկյանին։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին խորհրդարանը Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։
Նա կալանավորվեց սեպտեմբերի 25-ին ու անազատության մեջ մնաց մինչև հոկտեմբերի վերջ։
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր նաև նոյեմբերի 11-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։ Ազատ էր արձակվել նոյեմբերի 13-ի կեսգիշերին:
«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան