ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ են տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։
«Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Քարվաճառի շրջանի մեջ։ Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հարցն այն է, որ նոյեմբերի 25-ին Քարվաճառից հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել, որը, եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին։ Արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։
ՊՆ-ն հայտնում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։