ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Հակոբյանը Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց այդ մասին` ասելով, որ նոր է դուրս եկել քննչական վարչությունից։
«Ինձ մեղադրում են ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու մեջ։ Ես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, քանի որ հավաքը որևէ կազմակերպիչ չի ունեցել»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` իր հանդեպ քրեական գործի հարուցումը կապված է այն հանգամանքի հետ, որ հստակորեն կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին` ասելով, որ նա պետական դավաճան է։ Հակոբյանը հայտնեց` ասել ու ասելու է, որ Փաշինյանը դավաճան է, և պետք է րոպե առաջ հեռանա։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նոյեմբերի 24-ին հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը: Նրա խոսքով` դատարանի որոշման մեջ հստակ նշվում է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը։
Բաքուն գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրում է ցեղասպանության համար
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Ոստիկանությունը տասնյակ մարդկանց էր ձերբակալել, այդ թվում` Միհրան Հակոբյանին։ Հաջորդ օրը, սակայն, Հակոբյանն ազատ արձակվեց` դատարանը նրան ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ էր համարել։
Հավելենք, որ ընդդիմության բողոքի ակցիաները սկսվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։