ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորումը Ստեփանակերտ է ժամանել տեղացի բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել են Լեռնային Ղարաբաղում գերատեսչության օպերատիվ խմբի շտաբից։
«Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորումը, որը կազմված է Նոգինսկի ու Տուլայի փրկարարական կենտրոնների ու «Լիդեր» կենտրոնի փրկարարներից։ Ժամանել են նաև ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներն ու էներգետիկայի նախարարության մասնագետները», - ասել է օպերատիվ խմբի ներկայացուցիչը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն դեկտեմբերի 1-ից․ Ստեփանակերտի քաղաքապետ
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: