Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ): ԱԻՆ–ն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ նախարարը ծանոթացել է ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական ծրագրերին:
«Փիլոյանն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական աշխատանքի և կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման կողմնակից է: Նա ցանկացած խնդրի առանձին լուծում տալու պատրաստակամություն է հայտնել: Փիլոյանը նաև առանձին խորհրդակցություն է անցկացրել ակադեմիայի ղեկավար կազմի հետ: Քննարկվել են առաջիկա անելիքները»,–նշվածէ հաղորդագրության մեջ։
Այնուհետև նախարարը եղել է փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման, ինչպես նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոններում: Նրան ներկայացվել է կենտրոնների գործունեության ու հնարավորությունների ամբողջ շրջանակը՝ սկսած տեխնիկական ապահովվածությունից մինչև երկու երկրների կողմից համատեղ իրականացվող ծրագրեր:
Փիլոյանն ընդգծել է, որ այս կառույցները կարևոր նշանակություն ունեն պետության համար, ուստի նման այցերը պարբերական բնույթ են կրելու:
Ռուսաստանի ԱԻՆ–ը հավելյալ խումբ է ուղարկել Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը նախարարի պաշտոնում փոխարինել է Ֆելիքս Ցոլակյանին, որը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 17-ին։