ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում վերլուծել է երկրի ներքաղաքական վիճակը։ Անդրադառնալով ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությյունից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպվող հանրահավաքներից, վարչապետն ասել է, որ լայն հանրությունը չի աջակցել ընդդիմությանը։
«Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ։ Իմ կարծիքով՝ հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է», - ասել է Փաշինյանը։
Վարչապետն ասել է, որ ինքն անձամբ գոհ չի ստեղծված իրավիճակից, բայց այժմ պետք է աշխատել ավելի չվատթարացնել այն։
«Չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն», - ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կրկին ընդունել է անհայտ կորածների ընտանիքների անդամներին
Նրա խոսքով՝ արդեն հրապարակվել է ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար։ Վարչապետը հատուկ ընդգծել է, որ պետք է աշխատանք տարվի երկրի անվտանգության, տնտեսական կայունության, պատերազմի հետևանքների չեզոքացման ուղղությամբ։
«Օպերատիվ են գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակման, անհետ կորածների, զոհվածների մարմինների փոխանակման հարցերը: Նաև շատ հարցեր կան՝ կապված Արցախի քաղաքացիների՝ իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել», - ասել է վարչապետը։
Վարչապետը նշել է, որ անհայտ կորածների թիվը չի հրապարակավում, քանի որ այն հստակ չէ․ որոշները ողջ են գտնվել։
«Մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել», - ասել է վարչապետը։
Խոսելով փախստականների վերադարձի մասին՝ վարչապետը նշել է, որ հնարավոր է համարում հայ փախստականների վերադարձը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած Շուշիի և Հադրութի շրջան և ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող տարածքներ։
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար օգնության հետ կապված հարցերը
«Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը», - ասել է վարչապետը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը կողմ է բանակցային գործընթացի վերականգնմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում։