ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ հայտնեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու պատճառների վերաբերյալ։
Վանեցյանը կառավարության մոտ էր եկել` տեսակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին և ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանին։
«Փաշինյանը մի շարք ապօրինի հանձնարարություններ է տվել։ Օրինակ` կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, թե ԱԱԾ–ն պետք է ստուգի` գազալցակայաններում ՀԴՄ կտրոն տալիս են, թե ոչ։ Սա ապօրինություն է, քանի որ փոխարենը ԱԱԾ–ն լուրջ հարցերով զբաղվեր` ինֆորմացիա ստանար, որ «Բայրաքթարները» սկսել են գործել, և ինչ է պետք անել, որ դրանց դեմն առնենք, պետք է Փաշինյանի ասա՞ծն աներ»,–ասաց Վանեցյանը։
Նա վստահեցրեց` իր պաշտոնավարման ընթացքում զերծ է մնացել ապօրինի հանձնարարություններ կատարելուց և զերծ է պահել նաև կառույցին։ Վանեցյանը հայտնեց` հենց դրա համար էլ հրաժարական է տվել ու ասել` տղերք, կանգ առեք։ Սակայն, ըստ Վանեցյանի, իշխանությունը սթափվելու փոխարեն, պետական բոլոր կառույցները թուլացրեց, որ այսօր Արցախին վերաբերող նման փաստաթուղթ ստորագրի։
Հիշեցնենք, որ 2019 օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա ասում էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։