ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցությունը Facebook-ում հրապարակել է կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչը` ուղղված կառավարությունում պաշտոններ ստացող նոր անձանց։
«Թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար, իր ավարտված իշխանությունը ևս մի որոշ ժամանակ պահելու համար։ Փաշինյանը տարբեր մարդկանց, այդ թվում՝ հեղինակություն և վաստակ ունեցող մարդկանց, առաջարկում է նախարարական պորտֆելներ ու այլ պաշտոններ»,– նշում է Վանեցյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը սպառված է թե´ որպես վարչապետ, թե´ որպես մարդ։ Որևէ պարկեշտ մարդ, ըստ նրա, չի աշխատի Փաշինյանի հետ, չի լինի կողքին, չի հավատա իրեն։
Վանեցյանը շեշտում է, որ բոլոր գիտակից մարդիկ այսօր տարանջատվում են գործող վարչապետից, քանի որ հասկացել են, որ նրա ուզածը ոչ թե երկիրը, այլ ինքն իրեն փրկելն է։
«Դիմում եմ բոլոր նրանց, ում Փաշինյանը կառաջարկի պաշտոններ. ընդունելով առաջարկը՝ նույն պահին դուք դառնալու եք նրա դավաճանության համահեղինակը, դուք նրա հետ կիսելու եք պատասխանատվությունը։ Պատմության մեջ մնալու եք որպես Շուշին, Հադրութը, Մարտունու ու Մարտակերտի գյուղերը, Քարվաճառի ճանապարհը, Ղազանչեցոցը, Ամարասը թուրքին հանձնած առաջնորդի կառավարության անդամ։ Հարգելինե՛րս, այդ մարդը թուրքին զիջեց մեր Հայրենիքը, այդ մարդը դարձավ հազարավոր զոհերի ու ավերածությունների պատճառ և հիմա փորձում է ձեր հեղինակության միջոցով ինքնափրկվել»,– ասված է Վանեցյանի հայտարարության մեջ։
Կուսակցության նախագահը հասկանում է շատերի ցանկությունը՝ դժվար պահին իրենց մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով օգտակար լինելու պետությանը և ժողովրդին, բայց այս պահին կոչ է անում «մերժել դավաճանին, որ հետո բոլորս միասին փրկենք երկիրը»։
«Շատ կարճ ժամանակ հետո մեր երկրի բոլոր կարող և ունակ մարդիկ՝ դուք, մենք, բոլորս, գիշեր-ցերեկ աշխատելու ենք մեր երկրի վերականգնման, գուցե՝ փրկության համար»,– նշել է Վանեցյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոնից հեռանում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրանց այդ պաշտոններում կփոխարինեն Վաղարշակ Հարությունյանն ու Մեսրոպ Առաքելյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։
Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։
Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։
Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։