Կառավարությունում նախարարների փոփոխությունների մեկնարկը տրվեց նոյեմբերի 16–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականով։ Մնացականյանը արտաքին գործերի նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։
Նոյեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար նշանակվեց Արա Այվազյանը։ Նա դիվանագիտական աշխատանքի երկարամյա փորձ ունի, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է եղել աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներում։
Նոյեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա ԱԻ նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։
Նոյեմբերի 20-ին ԱԻ նախարար նշանակվեց գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։ Նորանշանակ նախարարը Հայոց բանակի կազմավորումից հետո անցել է ծառայության որպես սպա։ Եղել է առանձին գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, հետախուզության պետ, գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, գնդի շտաբի պետ, բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, այնուհետև բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, իսկ հետո` 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը։
Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին։ Տոնոյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 11-ին։ ՊՆ նորանշանակ նախարարն է Վաղարշակ Հարությունյանը։ Նա նախկինում արդեն մեկ անգամ զբաղեցրել էր ՊՆ նախարարի պաշտոնը՝ 1999-2000 թվականներին։ Այնուհետև զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ 2002 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել է նրան գեներալ–լեյտենանտի կոչումից։ 2019 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով նրա կոչումը վերականգնվել է։ 2020 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ ևս մեկ նախարարի հրաժարականի մասին. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց։ Նրան փոխարինել է այդ պաշտոնում մասնագիտությամբ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, որն աշխատել է բանկերում, ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
Հավելենք, որ հրաժարականները հաջորդել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եռակողմ հայտարարության ստորագրմանը։