ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի զինվորականների առաջին խումբն աշխատանքի է անցել Ստեփանակերտում։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ– մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար բնույթի տարբեր խնդիրների լուծման համար Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն է ձևավորվում։ Կենտրոնի կազմի ռուս զինծառայողների առաջին խումբը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ու աշխատանքի անցել Ստեփանակերտ քաղաքում»,–ասել է նա։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ նախորդ օրվա ընթացքում ևս 1,3 հազար փախստական Լեռնային Ղարաբաղ են վերադարձել։ Ընդհանուր առմամբ, վերադարձած արցախցիների թիվը 4,4 հազար է։
«Շարունակվում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով իրենց տները լքած խաղաղ բնակիչների վերադարձը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 1 382 փախստական։ Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներին ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան չորս հազար բնակչի ապահով վերադարձն իրենց տներ»,-հայտնել է Կոնաշենովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: