ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Տեղեկությունը նշված է նախագահի Facebook-ի պաշտոնական էջում։
«Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը»,- նշված է գրառման մեջ։
Նախագահը հորդորել է նոր թափ հաղորդել ռազմագերիների փոխանակման կազմակերպման գործընթացին, առավելագույն ջանքեր գործադրել։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Պաշտպանի հետ միասին քննարկվել են փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ:
Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ
Հիշեցնենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը նոյեմբերի 13-ին փոխանակել են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 մարմիններ:
Անհետ կորածների մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն համացանցում շրջանառվող լուրերի համաձայն՝ նրանց թիվը հազարից ավելի է։
Գերիների թիվը, նախնական տվյալներով, 18-20 է։