ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի տեսագրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացրել է Դավթյանի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ`ասուլիսի ընթացքում Հակոբյանի կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։
ՊՆ նախկին պաշտոնյան իր ասուլիսի ընթացքում բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններ էր արել կապված արցախյան վերջին պատերազմի հետ։ Օրինակ` նշել էր, որ վերջին երկու տարում գնված զենքը վերջին պատերազմի ժամանակ չի գործածվել։
Ավելի վաղ վարչապետի խորհրդական Մանե Գևորգյանը հերքել էր Հակոբյանի հայտնած որոշ տեղեկություններ։ Մասնավորապես, նա հերքել էր ՊՆ նախկին պաշտոնյայի ասածն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ից առաջ Վլադիմիր Պուտինի հետ չի խոսել։