ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ԱԺ-ն այսօր 72 կողմ ձայներով ընդունեց Վրաստանի հետ վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող համաձայնագրի նախագիծը:
Ինչպես ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, այս ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է:
«Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան»,- հայտնեց փոխնախարարը:
Նա նաև բացատրեց, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել համաձայնագրի ժամկետը երկարաձգելու: Նրա խոսքով` ծրագրի իրականացման ընթացքը կասեցվել էր դեռ 2017-ին, նախորդ կառավարության կողմից` ծրագրի իրականացման նոր տեխնիկական հնարավորություններն ուսումնասիրելու համար:
«Նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացման, այսինքն՝ սինքրոն կապի միջոցով վրացական և ռուսական էներգահամակարգերին միանալու»,- պարզաբանեց Վարդանյանը:
Ծրագրի կասեցումից 3 տարի անց, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի բնորոշմամբ, Հայաստանի էներգահամակարգի զարգացումը վտանգված է, քանի որ այն հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման:
Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է. «Իմ քայլը»՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին
Փոխնախարարի խոսքով` այդ ծրագրով ոչ միայն ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգության խնդիրն է լուծվում, այլև Հայաստանը խուսափում է շուրջ 16 մլն եվրո տուգանքից:
Բանն այն է, որ մինչև նոյեմբերի 30-ը համաձայնագրի վերանայված ժամկետներով տարբերակը չվավերացնելու դեպքում Հայաստանի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ միջպետական պայմանագրի դրույթները չկատարելու հիմքով: