ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով` իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին ևս փոխել:
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաև այդ ցուցակում կան ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները»,–գրել է «Ժողովուրդը»:
Եվս մեկ հրաժարական. պաշտոնից ազատվելու դիմում է գրել Արարատ Միրզոյանի խորհրդականը
Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Բացի այդ, մինչ այս էլ ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված։
Նշենք, որ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաև փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն ԱԳՆ-ում պաշտոնանկություններն այսքանով չեն ավարտվելու։
Հավելենք, որ երեկ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլոկյանը։
Քոչարյանը յոթ օր առաջ էր գրել իր հրաժարականի դիմումը. լուսանկար