ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այլևս մեզ հետ չէ մեծանուն հայ, մտավորական և բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի անվանի դերասանի հետ հանդիպումը Մոսկվայի իր բնակարանում, որի ընթացքում նա մեծ ջերմությամբ էր խոսում հայրենիք այցելելու ցանկության մասին: Ցավոք, առողջությունը չներեց: Արմեն Ջիգարխանյանը մեծ սեր և ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում ու մենք հպարտ ենք նրա նման հայրենակից ունենալու համար: Նա «Բարև, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Թեհրան-43», «Հարսնացու հյուսիսից» և բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերում ու ներկայացումներում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես մտավորականի և հայի բացառիկ կերպար»,– ասված է ուղերձում:
Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել
Հիշեցնենք` նոյեմբերի 13–ի լույս 14–ի գիշերը 85 տարեկանում մահացել է դերասան, թատերական ռեժիսոր ու մանկավարժ Արմեն Ջիգարխանյանը։ Վերջին տարիներին նա հիվանդ էր ու չէր զբաղվում թատրոնի գործերով։ Աղմկահարույց ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ—Ռոմանովսկայայի հետ շատ էր վատացրել նրա առողջությունը։