ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. 2020 թ. նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պարտվողական և նվաստացուցիչ մի փաստաթուղթ, այդ մասին հայտարարություն է տարածել Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար մարմինը։
«Դա ոչ միայն մեծագույն հանցագործություն է հայրենիքի և ողջ հայ ազգի շահերի, իղձերի և նպատակների նկատմամբ, այլ նաև, միանշանակ, վտանգում և ոտնահարում է հայ ժողովրդի ներկա և գալիք սերունդների անկախ, անվտանգ և զարգացող երկրում ապրելու, արժանապատիվ ապագա կառուցելու բացարձակ իրավունքը։
Հայաստանի և Արցախի ամբողջական անձնատվության (կապիտուլյացիայի) մասին դատապարտելի և անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը կացությունը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացումն է»,-նշված է հայտարարության մեջ։
ՀՅԴ-ն դատապարտում է Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատվությունից խուսափելու, սեփական իշխանությունը երկարաձգելու և բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով հակաօրինական ձերբակալությունները` վստահեցնելով, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի և ցասման ալիքը։
Հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է. նախագահը հանդիպել է ՀՅԴ–ականների հետ
«Վարչապետի հրաժարականը կվկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրությունը ստորադասում է ազգային-պետական շահին։ Եթե իսկապես վարչապետը եռակողմ հայտարարությունը ստորագրել է Հայրենիքի մնացորդի փրկության նպատակով, նույն տրամաբանությամբ նա պիտի հեռանա իր պաշտոնից՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտին միավորելու ազգային ամբողջ ներուժը և դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով և սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն և չտրվել սադրանքների»,-հորդորում է ՀՅԴ Բյուրոն հավելելով, որ առնվազն ինքը՝ վարչապետը, շատ լավ գիտի Հ.Յ.Դաշնակցության անմնացորդ նվիրումը հայրենիքին։
Հայտարարության վերջում կոչ է արվում աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը` չվհատվել, չհիասթափվել և չհուսահատվել։
Հիշեցնենք, որ հայաստանյան 17 կուսակցություններ, այդ թվում՝ ՀՅԴ-ն, նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։
Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։
Հանրահավաք, ապա երթ է անցկացվել նաև նոյեմբերի 12-ին։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։