ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագիրը պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի, հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին»,-նշել է նա։
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում իրենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ եք.
«Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի, հայտարարել է ՀՀ առաջին նախագահը ու շեշտել, որ համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ:
Ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարել էր, թե գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։