ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմի մեկ այլ խումբ մեկնել է ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ)՝ ավելի վաղ հավաքների ժամանակ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:
Հիշեցնենք, որ այս պահին Երևանում ընթանում է 17 կուսակցությունների խորհրդի կազմակերպած երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու երեկ ձերբակալվածների ազատ արձակման պահանջով։
Հատուկ քննչական ծառայությունը հրապարակել է ընդդիմության ձերբակալված առաջնորդների ցանկը
Իսկ ավելի վաղ իրավապահները ցրել էին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու փորձ անողներին ու բերման ենթարկել, ըստ վերջին տվյալների, 62 մարդու։ Հանրահավաքը կազմակերպել էր «Ազգային բևեռը»։