Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը՝ Արարատի Երասխ բնակավայրի մերձակայքը, շրջապատված է, լրագրողներին մոտ չեն թողնում։ Դեպքի վայրում հիմա համապատասխան մասնագետներ են աշխատում։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Ինքնաթիռի անկման վայրը մի քանի հարյուր մետր շառավղով շրջափակված է ռուս սահմանապահների և ՀՀ ոստիկանության կողմից։ Նրանց մոտ լրագրողներ են հավաքված, որոնց թույլ չեն տալիս մոտենալ դեպքի վայրին»,-պատմում է մերկ թղթակից Դավիթ Գալստյանը։
Նա հիշեցնում է, որ խոցված Մի-24-ը ուղեկցում էր Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը։ Ավտոշարասյունը շարժվում էր դեպի Սյունիք՝ ռուս սահմանապահների դիրքերի ամրապնդման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է, որ երկուշաբթի օրը ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համալիրից։
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս:
Պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Հայաստան տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել։