ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ճանաչված կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը աշխարհին կոչ է անում կանգնեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ռեժիսորը Instagram- ի իր էջում հրապարակել է իր լուսանկարը՝ ձեռքին «Stop Erdogan» գրությամբ պաստառ։
View this post on Instagram
«44 օր է, ինչ կատաղի պատերազմ է ընթանում, բայց մեզ համար ժամանակը կանգ է առել, քանի որ զոհվում են պայծառ երիտասարդներ»,-գրել է Անդրեասյանը:
Կինոռեժիսորը նշել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պաշտոնապես հաստատել են, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից վարձկան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար։
Նրա խոսքով՝ Արցախում թշնամին թիրախավորում է հիմնականում քաղաքացիական օբյեկտներ՝ եկեղեցիներ, տներ, մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, մշակույթի տներ:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, «ղարաբաղյան հակամարտություն» չէ և Արցախի ու Ադրբեջանի միջև պատերազմ չէ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիր չէ: Սա երկրորդ ցեղասպանության փորձ է: Սա մաքուր ահաբեկչություն է: Սա բռնապետ Էրդողանի հավակնություններն են: Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին` կանգնեցնել Էրդողանին և օգտագործել բոլոր լծակները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար», - գրել է Անդրեասյանը:
Նա շեշտել է, որ ահաբեկիչները սպառնալիք են բոլորի համար:
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։