ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Ուժային կառույցների մեր աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է Նախիջևանի կողմից։
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Տուժածին տեղափոխել են ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվող ուղղաթիռի կադրերն արդեն հայտնվել են համացանցում։