ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արցախի հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմական ավար վերցնել հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։
Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։
Նշենք, որ արդեն 4–րդ օրն է` բերդաքաղաք Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։ Թշնամին փորձում է գրավել անառիկ քաղաքը։
Առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:
Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։
Տեղեկացվում էր, որ թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում