ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին:
«Ձեր ամենաանկեղծ նպատակը՝ ապահովել երկրում միասնություն և կայունություն, հիանալի օրինակ կլինի ողջ աշխարհի համար: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքն ու մեր երկու ժողովուրդներին»,-նշված է նախագահի շնորհավորանքում:
Սարգսյանը շնորհավորել է նաև ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին։
Նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ամրապնդել կապը Հայաստանի և ԱՄՆ–ի միջև:
Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորական ուղերձ էր հղել Ջո Բայդենին:
Փաշինյանը հույս էր հայտնել, որ Բայդենի վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
Բայդենը հայտարարել է, որ ընտրվել է ԱՄՆ նախագահ
Նշենք, որ նոյեմբերի 7-ին ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցները՝ Fox News, CNN, NBC և AP գործակալությունը տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը։ Նա ստացել է ընտրիչների ավելի քան 270 ձայնը։