ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի -Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Բաքուն ներողություն է խնդրում ռուսական կողմին այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահականության բնույթ է կրում և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ։ Ադրբեջանական կողմն անկեղծ ցավակցություն է հայտնում անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տարածաշրջանում առկա լարվածության համատեքստում հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական պատրաստվածության բարձր մակարդակի բերված հերթապահ մարտական հաշվարկը որոշում է կայացրել կրակ բացել շարժը ձախողելու համար»:
Ադրբեջանական կողմը համապատասխան դրամական փոխհատուցման պատրաստակամություն է հայտնել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Ուժային կառույցների մեր աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է Նախիջևանի կողմից։
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Տուժածին տեղափոխել են ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվող ուղղաթիռի կադրերն արդեն հայտնվել են համացանցում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից:
Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ
Նշվում էր, որ հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:
Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։