ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում 2021 թ–ի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորներին հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք ՊՇՌ թեստերից ավելի արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա կորոնավիրուսը և ավելի էժան են:
«Ուզում եմ մի լուր հայտնել, որը հավանաբար կհանգեցնի ՊՇՌ թեստերի գների իջեցման, դա նոր տեսակի հակագենային թեստերի ներմուծումն է Հայաստան: Այդ թեստերն ավելի արագ են հայտնաբերում վիրուսը և հավանաբար կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և մարդիկ ու բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել: Աշխարհում այդ միտումը կա, և մենք 50 հազար նման թեստ ենք ստանալու շուտով: Այդ ստացված թեստերն արվելու են անվճար»,- հայտնեց Թորոսյանը:
Նախարարը նաև նշեց, որ Covid-թեստերի գնման գումար 2021թ–ի բյուջեի նախագծում նախատեսված չէ, քանի որ դրանց ծախսն այս պահին դժվար է հստակ հաշվարկել։ Այն կհաշվարկվի ու կտրամադրվի տարվա ընթացքում, այնպես, ինչպես կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գումարը։
Թորոսյանի խոսքով՝ սա թե՛ այս և թե՛ հաջորդ տարվա համար ոչ թե ընթացիկ ծախս է, այլ արտակարգ։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1042–ով և դարձել 107466։