ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօրվա հաղթական խաղից հետո Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել։
Հայտնել էինք, որ իտալական «Ա» սերիայի 2020/21 առաջնության 7-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ջենոայի» հետ։ Ջալառոսիների կազմում հանդիպման հերոսը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որի տրիկը` 3 գոլը, ապահովեց գայլերի հաղթանակը 3։1 հաշվով։
Խաղից հետո հաղթական գնդակը ձեռքին լուսանկարված Մխիթարյանը գրել է, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին։
«Իմ ազգի, իմ «Ռոմայի» համար»,–լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։
Նա նաև հեշթեգեր է կիրառել` ասելով, որ «Ճանաչեք Արցախը», «Արցախն ուժեղ է», «Հայաստանն ուժեղ է», «Խաղաղություն հայերին»...
Նշենք, որ Մխիթարյանի նման արդյունավետությունը շատ կարևոր է ոչ միայն «Ռոմայի», այլ նաև մեր ազգային հավաքականի համար։ Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի մրցաշարում մրցելու է համապատասխանաբար Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ։