ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը հարկային եկամուտների և մաքսային վճարների որոշակի նվազեցման կհանգեցնի, սակայն տնտեսության վրա այդ բացասական ազդեցությունը կարճ ժամանակում կվերականգնվի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` անդրադառնալով կառավարության որոշմանը։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել արգելելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից` 6 ամիս ժամկետով։
«Վստահ ենք, որ մեր տնտեսվարողներն ու տնտեսության զարգացման պատասխանատուները կարող են և կձեռնարկեն համապատասխան աշխատանքներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ կարողանան նմանատիպ ապրանքներ ներկրեն այլ երկրներից»,–ասաց Հովհաննիսյանը։
ՊԵԿ նախագահը հայտնեց` պետք է ստեղծվի հնարավորություն, որ Թուրքիայի փոխարեն առաջին հերթին ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան ապրանքների ներմուծում կատարվի։
Նրա խոսքով`Թուրքիայից ամենաշատը հագուստ և սարքավորումներ են ներկրվում Հայաստան։ Իսկ թե քանի՞ տնտեսվարող է կոնկրետ Թուրքիայից ապրանք ներկրում` Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել այդ հարցին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։
Ի պատասխան հանրային դժոգհության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։
Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված այլ նյութեր։