ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանին ու Արցախին հումանիտար աջակցության շրջանակներում նոյեմբերի 3-ին Atlantis European Airways ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովա (05։22) - Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը։ Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook–ի իր էջում։
Կոմիտեն տեղեկացնում է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով (իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին), արդեն իրականացրել են մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ:
Հումանիտար բեռը հավաքել է Ռուսաստանի hայերի միությունը։ Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 25-ին հայտնել էինք, որ Ռուսաստանից Հայաստան է բերվել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ։
ԻԼ-76 ինքնաթիռը բերել էր դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Արցախի բնակչությանը: