ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում մակրոտնտեսության վիճակը կայուն է, ինչն էլ հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է համավարակի պայմաններում այս տարի հավաքագրված հարկերի` նախատեսվածից շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում սպասվում։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է. չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում։ Փաշինյանը հավելել էր, թե սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է, համազգային համախմբման փայլուն օրինակ։
«Համավարակի և պատերազմական դրության առումով մեր սպասելիքներն այնքան էլ լավը չէին, սակայն բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել»,–ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե տնտեսության ո՞ր ճյուղերում են ավել գումար են գեներացրել այս տարի` Հովհաննիսյանը պատասխանեց, որ, օրինակ, հանքարդյունաբերության, մանրածախ առևտրի և վերջնական սպառման մեջ։
ԿԲ–ն կցանկանար ավելի «ագրեսիվ քաղաքականություն» վարել, բայց կան խանգարող գործոններ
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2020 թվականի 10 ամիսների հարկային եկամուտների հավաքագրումը կազմել են 1 տրիլիոն 134.8 մլրդ դրամ։ Այս ցուցանիշից 1 տրիլիոն 19 միլիարդը զուտ հարկային եկամուտներն են, 228 մլրդ դրամը` մաքսային տուրքերը, իսկ հարկ վճարողներին վերադարձված գումարը 112.3 մլրդ դրամ է, ինչը լավ ցուցանիշ է։ Այս տարվա տվյալների 2019-ի համեմատ տարբերությունը կազմում է մինուս 61 մլրդ դրամ, ինչը, ըստ ՊԵԿ նախագահի, մտահոգիչ չէ։ Հարցն այն է, որ նախորդ տարի տրանսպորտային միջոցների մեծածավալ ներմուծման արդյունքում հարկային գումարներն ավելի շատ են կազմել, քան այս տարի։