ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Կանադայի Օնտարիո նահանգում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում երկու եկեղեցի է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կանադական CBC հեռուստաալիքին:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ անսպասելի հրդեհները կասկածներ են առաջացնում։
Հրդեհները տեղի են ունեցել Օնտարիոյի հարավ-արևմուտքում։ Կրակը բռնկվել է իրար մոտ գտնվող երկու եկեղեցիներում։
Հրշեջները դեպքի վայր ժամանելուն պես հայտնաբերել են, որ եկեղեցիների շենքերն ամբողջությամբ այրվել են։
«Դեռևս հետաքննում ենք` դիտարկելով հրդեհի առաջացման բոլոր հնարավոր վարկածները, բայց շատ կասկածելի է մոտավորապես միևնույն ժամանակ երկու եկեղեցիների հրդեհվելը»,–ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քևին Հոուն:
Ոստիկանությունը չի բացառում եկեղեցիների միտումնավոր հրկիզումը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ի դեպ, եկեղեցիներն իրարից 7 կմ հեռավորությամբ են գտնվում։