Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Ամերիկացի հայտնի փոփ-երգչուհի Լեդի Գագայի «9/11» երգի տեսահոլովակը, նկարահանված Սերգեյ Փարաջանովի հռչակավոր «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով, մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերի հայկական հատվածում։ Արդեն երկար ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերի օգտատերերը շարունակում են քննարկել այն։ Արժե՞ արդյոք տեսահոլովակին նման խորհրդանշական իմաստ վերագրել՝ փորձեցինք ճշտել էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանից։
Նա կարծում է, որ «9/11» տեսահոլովակը ոչ մի կերպ չարժե դրա վրա սևեռված ուշադրությանը, առավել ևս՝ չարժե փորձել դրա միջոցով ինչ-որ բան կանխագուշակել։ Միևնույն խորհրդանիշները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։
Հարկ է նշել, որ հայկական սիմվոլիկայով հարուստ տեսահոլովակը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից 9 օր առաջ։
Դրա «9/11» անվանումը կարելի է դիտարկել որպես օգնության կանչ։ Բացի այդ, կադրերից մեկում հայտնվում է դեղին ժապավեն, որի վրա հայերեն գրված է «զգուշություն» բառը։ Իսկ կարմիր գույնի առատությունն ընկալվում է որպես արյան խորհրդանիշ։ Այդպիսով, սյուժեում շատերը պատերազմի նախազգուշացում էին նկատել։
Թեման ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին առանձին բլոգերներ և YouTube ալիքների հեղինակներ՝ ձգտելով հնարավորինս շատ «լայքեր» և դիտումներ ստանալ։
«Այս թեման ինքնին չարժե, որ դրանում խորանաս։ Ընդհակառակը, հիմա անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը հնարավորության սահմաններում լավ անի իր գործը, անկախ նրանից՝ թիկունքում է, թե առաջնագծում»,-ասում է էզոթերիկը։
Հայերեն գրություն, նուռ. Լեդի Գագան փարաջանովյան ոգով նոր տեսահոլովակ է թողարկել
Նա կարծում է, որ այս ամենը լրացուցիչ սթրեսի աղբյուր է, իսկ սթրեսն էլ ավելի է թուլացնում իմունային համակարգը։ Իսկ ներկայիս իրավիճակում, երբ կորոնավիրուսի վիճակագրությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, հանրությանը դա բնավ պետք չէ։
Աստղաբանին բոլորովին զարմանալի չի թվում, որ տեսահոլովակում կարող են հղումներ լինել սպասվող պատերազմին․ ցանկացած մարդ կարող էր գլխի ընկնել այդ մասին շատ ավելի վաղ, հենց թեկուզ Ադրբեջանի հռետորաբանությունից կամ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններից։
«Այս ամբողջ պատմության մեջ հատկապես վատ է այն, որ մարդկանց երբեմն թվում է, թե ինչ-որ մեկն արդեն իրենց փոխարեն ինչ-որ բան է որոշել, թեև բոլորովին էլ այդպես չէ»,-նշեց Գուրգենը։
Որպես եզրակացություն նա հանրությանը կոչ արեց չկենտրոնանալ նման թեմաների վրա, այլ սեփական ուժերն ու էներգիան ուղղել ավելի արդիական խնդիրների լուծմանը։