ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խոստացավ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանում ձերբակալված ահաբեկիչն իրականում է հայ, և այդ ամենն էլ թատրոն է։
«Նրան հետաքրքիր անակնկալներ են սպասում ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ։ Ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, որպես «расходный материал» նրանց օգտագործելու առնչությամբ, և մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել, Ադրբեջան հասել. այդ ամենի առնչությամբ բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործը հարուցված է, և փաստերը բավարար են հետագա գործընթացների համար։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ` հոկտեմբերի 30-ին, հայտնեց, որ ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել։ ՀՀ դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է։