ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն հորդորում է ռուսաստանաբնակ հայերին չտրվել սադրանքներին և պահպանել այն երկրի օրենսդրությունը, որտեղ գտնվում են։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում մի շարք անձինք և առանձին խմբեր Մոսկվայում տարբեր ակցիաների դուրս գալու կոչեր են տարածում։
«Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և չափազանց ուշադիր վերաբերվելով իրավիճակին՝ խնդրում ենք ձեզ ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններին մասնակցելուց և սոցիալական ցանցերում կոչերի տարածումից, չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես և նախկինում, պահպանել ՌԴ օրենսդրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը խնդրում է ՌԴ-ում գտնվող հայերին մշտական կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Միջադեպ Ֆրանսիայում. թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ակցիա անող հայերից մեկի գլխին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Պատերազմի սկզբից ի վեր աշխարհի տարբեր երկրներում հայերն ու նրանց համակիր տեղաբնակները բազմաթիվ ցույցեր են կազմակերպել՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ։
Մի քանի երկրներում՝ մասնավորապես Ֆրանսիայում ու Իսրայելում, հարձակումներ են գրանցվել խաղաղ ցուցարարների վրա։