Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։
Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։
«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։
Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...
–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։
Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։
Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։
«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։
Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։
«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։
«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։
Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։
Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։