Հայտարարության պատճառ է դարձել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակումը, որում մասնավորապես գրված է. «Արսեն Թորոսյանը կարծես թե զարմացել է, որ գոյություն ունի կորոնավիրուսի երկրորդ ալիք, և միայն հիմա են որոշել մահճակալներ ավելացնել այն դեպքում, երբ այժմ բժշկական կենտրոնները պետք է օգնեն վիրավոր զինվորներին: Նկատենք, որ բժշկական հաստատություններից շատերը կրկին վերապրոֆիլավորվել էին և դարձել էին սովորական հաստատություններ, այլ ոչ թե սպասարկում էին միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Ստացվում է՝ վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց 2-րդ ալիքին պատրաստվելու համար»:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ երբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը սկսեցին նվազել, այլևս կարիք չկար դատարկ մահճակալներով հիվանդանոցներ առանձնացրած պահելու, հատկապես, որ վերջիններս պետք է սպասարկեն նաև ընթացիկ խնդիրներ ունեցող պացիենտներին:
«Բնականաբար, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, չբացառելով աշնանը հիվանդության աշխուժացման և 2-րդ ալիքով պայմանավորված տարածման հավանականությունը, առողջապահական համակարգը լիովին պատրաստ էր պահի անհրաժեշտությամբ վերապրոֆիլավորելու բժշկական կենտրոնները, ինչը սահուն արվում է դեպքերի աճին համահունչ: Չմոռանանք, որ կորոնավիրուսային հիվանդության թվերի աճին մեծապես նպաստել է պատերազմի անհանգստության ներքո մեր հայրենակիցների «անհնազանդությունը»` համաճարակաբանական կանոններին չհետևելը:
Մի դիտարկում, գուցե՞ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էր տեղեկացվել հնարավոր պատերազմի մասին և կարո՞ղ էր «ոսկե ժամանակն» օգտագործել մարտահրավերին պատրաստվելուն»,– գրված է նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունը հորդորում է մեղադրանքներ հնչեցնելուց առաջ հիշել, որ հիմա համակարգը պայքարում է 3 ուղղությամբ. 1)տեղափոխում և բժշկական օգնություն է տրամադրում վիրավորներին, 2) կորոնավիրուսային հիվանդությունը վերջին մեկ ամսում արհամարհած, կանոններին չհետևած կամ վերջիններիս պատճառով վարակված քաղաքացիներին բուժօգնություն է ցուցաբերում, 3) այլ հիվանդությունների հետևանքով անհետաձգելի և վերակենդանացման միջոցառումներ պահանջող դեպքերի բուժօգնության տրամադրում:
«Հասկանալի է, որ աշխարհի մեղքերը կարելի է բարդել առողջապահական համակարգի` ի դեմս ոլորտի պատասխանատուի վրա, սակայն կոչ ենք անում տարրական հարգանք ունենալ ռազմական դրության ժամանակ զօրուգիշեր, անխոնջ աշխատող հանրության հանդեպ: Արվում է անհնարինը` դիմակայելու վերը նշված այս մարտահրավերներին, իսկ հասարակությունից պահանջվում է ընդամենը հետևել կոչերին և պահպանել հակահամաճարակային կանոնները. բժիշկն այսօր առավել քան պետք է զինվորին»,– եզրափակում է նախարարությունը:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 82651–ի։