ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։
«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։
Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է: