ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ`ըստ անհրաժեշտության։
Նա սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին հորդորեց վստահել և հավատալ պետական կառույցներին և շարունակել օգնություն տրամադրել Հայաստանին։
Փամբուխչյանի խոսքով` լինում են դեպքեր, երբ սփյուռքի մեր հայրենակիցները ցանկանում են օգնել կոնկրետ ընտանիքի։
«Այն ստանալուն պես մենք չենք կարող փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Նման դեպքերում, եթե կա հստակ հասցե, դա կազմակերպվում է համայնքների միջոցով: Համայնքը պետք է մեզ նախապես տեղյակ պահի, որ ինքն ունի ինչ-որ քանակի սննդի կարիք, և այդ սնունդն ԱԻՆ-ի պահեստից մենք կարող ենք տրամադրել տվյալ համայնքին»,– նշեց ԱԻ նախարարի տեղակալը։
Նրա խոսքով`ցանկացած բեռ, որը գալիս է Հայաստան, հանձնվում է պետությանը։
«Այն տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում ենք, առանձնացնում բեռները՝ ըստ նշանակության։ Հետո ուղարկվում է առաջին հերթին Արցախ՝ առաջնագծի զինվորներին և ապաստարաններում գտնվող քաղաքացիներին։ Այդ սննդի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Արցախից ժամանակավոր Հայաստան ժամանած քաղաքացիներին»,- ասաց Փամբուխչյանը։
ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ բեռների մեջ հիմնականում լինում են առողջապահական, պաշտպանության նշանակության իրեր, ինչպես նաև սնունդ կամ հագուստ։
Փամբուխչյանը հավելեց` ամբողջ բեռը փաստաթղթավորված է, ընդունումն ու հանձնումը կատարվում են համապատասխան ակտերով, և այդ ամենը վերահսկելի է, կա հաշվետվություն: ԱԻ նախարարի տեղակալը սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ արեց հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք էլ կուղղորդեն ուղեբեռն ըստ հասցեների և ըստ նշանակության: