ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Կարևորելով սփյուռքի հայկական կառույցների կողմից կատարված և կատարվող աշխատանքները, ինչպես նաև սփյուռքահայության համախմբված տարաբնույթ աջակցությունը հայրենիքին՝ Հայաստանի նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող քայլերը:
Միաժամանակ նախագահ Սարգսյանը նշել է, որ անելիքները դեռևս շատ են ինչպես միջազգային հանրությանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակություններին արցախյան հակամարտության և ադրբեջանա–թուրքական ռազմական ագրեսիայի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հասցնելու, այնպես էլ հայրենիքին աջակցելու առումով։ Նախագահն ասել է, որ վերջին իրադարձությունները վերստին վկայում են մեր ժողովրդի միասնականության և ինքնակազմակերպվելու որակների մասին։
Մուրադ Փափազյանը և Նադյա Գործունյանը նշել են, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, ողջ ֆրանսահայ համայնքն այսուհետ ևս կշարունակեն աջակցության գործողությունները հայրենիքին և բոլոր ջանքերը կգործադրեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը տեղի հանրությանը ներկայացնելու համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը