Հայաստանի ամենահարավային քաղաքներից մեկի` Գորիսի կենտրոնական շենքերից մեկում օրուգիշեր տասնյակ երիտասարդներ են աշխատում։ Նրանք արկղերի մեջ շաքարավազ, աղ, լոբի, բրինձ, հնդկաձավար, ջեմեր և այլ մթերք են դասավորում։ Ամենաուժեղ տղաները կշռում են կարտոֆիլի պարկերը։ Նրանք 14-20 տարեկան են։ Ովքեր դպրոցում են սովորում, հիմա արձակուրդում են, իսկ ուսանողները արկղերի դասավորման ընդմիջումների ընթացքում հեռախոսները վերցնում ու մասնակցում են առցանց դասերին։
Աղջիկներն առանձնահատուկ ոգևորությամբ են զբաղվում զինվորների համար օգնություն հավաքելով։ Յուրաքանչյուր արկղի մեջ ոչ միայն անհրաժեշտ սննդամթերք է դրվում, այլև որևէ նվեր։ Տուփերից մեկի վրա «Սնիկերս» է ամրացված, որպեսզի պարզ լինի` զինվորի համար է նախատեսված, մյուսի վրա աղջիկներից մեկի Instagram–ի էջի հասցեն է գրված։
«Մենք զինվորներին խնդրում ենք լուսանկարվել մեր ուղարկած իրերի հետ և ուղարկել մեր Instagram–յան էջեր։ Արդեն մի քանի լուսանկար ստացել ենք», – ասում է կամավորներից մեկը` Սոնան։
Կենտրոնում օգնություն են հավաքում ոչ միայն ռազմաճակատի, այլև Արցախից ժամանակավորապես Սյունիք տեղափոխված ընտանիքների համար։
«Ամեն ընտանիքի համար կոնկրետ քանակի պարենամթերք ու տնտեսական ապրանքներ են նախատեսված։ Երեխաներն անմիջապես ընկալում են ինֆորմացիան։ Գալիս են, հարցնում` իսկ եթե ընտանիքում 5 հոգի է, քանի՞ ձու պիտի տանք նրանց», – ժպտալով պատմում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, որը վերահսկում է օգնությունը հավաքելու գործընթացը։
Սննդամթերք են բերում գրեթե բոլորը` և՛ ԱԻՆ–ը, և՛ քաղաքապետարանը, և՛ մասնավոր կազմակերպությունները, և՛ ամենակարևորը` քաղաքի բնակիչները։ Մենք ինքներս տեսանք, թե ինչպես են տարբեր մարդիկ կենտրոն գալիս ու հարցնում. «Ի՞նչն է վերջացել, ի՞նչ է պետք բերել»։ Պատասխանը ստանալուց հետո էլ գնում են խանութ, օրինակ, ծխախոտ և օճառ գնելու։
Երիտասարդ տղաներից մեկն էլ խոստովանեց` գումար չունի, բայց մեքենա ունի, կարող է օգնել արցախցի ընտանիքների համար մթերք տեղափոխելու գործում։ Նրա օգնությունը սիրով ընդունվեց, և փայլող աչքերով երեխաները մեքենայում տեղավորեցին պարենով արկղերը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը