ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի նախկին 3-րդ ռակետ, հայկական արմատներով արգենտինացի նախկին թենիսիստ Դավիթ Նալբանդյանն Instagram-ի իր էջում Արցախում Ադրբեջանի սանձազերծված պատերազմի մասին գրառում է արել։
Նա եռագույն դրոշով լուսանկար է հրապարակել ու գրել. «Հայաստանը խաղաղություն է ուզում»։
Նալբանդյանի գրառմանն արձագանքել են ինչպես հայ, այնպես էլ արգենտինացի երկրպագուները` իրենց զորակցությունը հայտնելով թենիսիստին ու նրա հայրենիքին։
Դավիթ Պաբլո Նալբանդյանը ծնվել է Արգենտինայում 1982 թվականի հունվարի 1-ին։ Թենիս սկսել է խաղալ հինգ տարեկանից։ Միայնակ խաղում Նալբանդյանը աշխարհի երրորդ ռակետ է ճանաչվել։
Նա Արգենտինան է ներկայացրել երիտասարդների մրցաշարերում 14, 16 ու 18 տարիքային խմբերում։ 1996 թվականին Դավիթը Արգենտինայի հավաքականի կազմում երիտասարդների թիմային աշխարհի առաջնության հաղթող է դարձել։
Դավիթն ունի երկու եղբայր՝ Խավիերն ու Դարիոն, որոնք թենիսի մարզիչներ են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը