ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. «Сегодня.ру»–ի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը, որը ծանր վնասվածքներ էր ստացել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության հետևանքով, այսօր վիրահատվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ոտնաթաթի բարդ վիրահատությունը տևել է երեք ժամ։ Sputnik Արմենիան զրուցել է Կոտենոկի հետ։
«Վիրահատությունն իրականացրեց բուժկենտրոնի միկրովիրաբույժների բրիգադը՝ Հայաստանի առաջատար միկրովիրաբույժներից մեկի՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ», - ասաց նա։
Ասիստենտները եղել են միկրովիրաբույժ Իզաբելլա Տիգրանյանը և պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանը, անեսթեզիոլոգը` Արմեն Վարոսյանը։ Նրա խոսքով՝ հայ բժիշկները բառի բուն իմաստով պահպանել են նրա ոտքը, քանի որ ոտնաթաթի վրա հսկայական վնասվածք է եղել։ Բժիշկները փոխպատվաստել են հյուսվածքները, որպեսզի փակեն բաց մասը։ Կատարվել է բավականին բարդ նյարդավիրաբուժական վիրահատություն։
Բժիշկների գնահատմամբ՝ վիրահատությունը հաջող է անցել։ Կոտենոկը շատ շնորհակալ է հայ բժիշկներին։ Հիմա գլխավոր խնդիրը վերականգնվելն է, ուժ հավաքելն ու աշխատանքը շարունակելը։
«Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են, մեծատառով մարդիկ։ Այստեղ բազմաթիվ վիրավորներ են բուժվում, և բավականին կարճ ժամանակահատվածում նրանց ոտքի են կանգնեցնում»,– ասաց լրագրողը։
![Վիրահատություն Վիրահատություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25033447_0:88:1280:892_600x0_80_0_0_d3ce025803bb88b0e0bf3af004cba9b1.jpg)
![Վիրահատություն Վիրահատություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25033436_0:16:1281:820_600x0_80_0_0_a88254958d2e71ea59ee183acf7f3627.jpg)
![Վիրահատություն Վիրահատություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25033431_0:156:1280:960_600x0_80_0_0_9162c4951ac36e0e5bf3a9573906e630.jpg)
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության ժամանակ վիրավորվել էին ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը: Ավելի ուշ Արզանովին և Բալադյանին Մոսկվա էին տեղափոխել «Ռոսիա» կառավարական ինքնաթիռով: