ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ լիբանանահայ երիտասարդական և ուսանողական միություններն այսօր համատեղ խաղաղ ցույց են անցկացրել Բեյրութում` ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կենտրոնակայանի մոտ։ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ակցիայի ժամանակ երիտասարդները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
Նրանք հայտնել են, որ Ադրբեջանը հարձակվում է հայ քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա։ Ակցիայի մասնակիցները բարձրաձայնել են նաև հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը:
Ակցիայի ժամանակ հնչել են կոչեր` «Մի լռեք», «Կանգնեցրեք Ադրբեջանին», «Մի եղեք կույր», «Ալիևն ահաբեկիչ է», «Արցախը Հայաստանն է» բովանդակությամբ։
Վերջում երիտասարդները հայ ժողովրդի հիմնավորված պահանջները պարունակող նամակ են փոխանցել ՄԱԿ–ի գրասենյակին:
Նշենք, որ այս օրերին ակցիաներ են կազմակերպվել աշխարհի բազում երկրներում` ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Իսրայելում, Կիպրոսում, Հունաստանում, Կանադայում...
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը