ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ն նկատողություն է արել Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղ» թիմի ֆուտբոլիստներին և աշխատակիցներին` հոկտեմբերի 1-ին Եվրոպայի լիգայի փլեյ օֆի հանդիպումից հետո իրենց հաղթանակը ակնհայտ զինվորական ողջույնով տոնելու համար։
Եվրոպայի լիգայի փլեյ օֆի «Լեգիա» - «Ղարաբաղ» խաղում ադրբեջանական թիմը հաղթանակի է հասել 3։0 հաշվով։ Հանդիպման ավարտից հետո «Ղարաբաղը» զինվորական ողջույնով է տոնել իր հաղթանակը` նկատի ունենալով Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունները և այդ քայլով աջակցություն հայտնելով իրենց բանակին։
Ցուցադրական այս երևույթը աննկատ չի մնացել ֆուտբոլի եվրոպական գերատեսչության կողմից, որն այսօր նկատողություն է հայտնել «Ղարաբաղի» 13 ֆուտբոլիստի և ակումբի պաշտոնական 14 աշխատակցի։
«Տեղին չենք համարում զինվորական ողջույնը` հաշվի առնելով այս քայլի կոնկրետ քաղաքական ենթատեքստը»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։ Ընդ որում, նկատողության ստացած ֆուտբոլիստների թվում են նաև «Ղարաբաղի» կազմում հանդես եկող կոլումբիացի և Կապո Վերդեն ներկայացնող ֆուտբոլիստները։
Դիվերսիոն խմբերը հիմա էլ փորձում են ներթափանցում անել. Արծրուն Հովհաննիսյան
Նշենք, որ ՈւԵՖԱ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և հոկտեմբերի 21-ին ժամանակավորապես վետո դրեց Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների և ակումբների սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումների վրա։