ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ` նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ արդեն երկրորդ օրն է` թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են:
Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել:
Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ եթե նախորդ օրերին ռազմական գործողությունները հիմնականում վարվում էին հարավում ու հյուսիսում, ապա այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը։ Թշնամին մի քանի դիվերսիոն խմբեր է ուղարկել, որոնք հրետանային կրակից հետո դիմել են փախուստի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը