ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև։ Բողոքի ակցիայի մասնակցիները` Արցախի, Հայաստանի բնակիչներ, պահանջում էին, որ եվրոպական կառույցները լուռ չլինեն։
«Տեսնում են հայերի հանդեպ կատարվող ոճրագործությունները, բայց լռում են». բողոքի ակցիա
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ընդունեց բողոքի ակցիա անողներից երեքին։ Դեսպանի հետ հանդիպումից հետո Արմինե Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վիկտորինն ասել է` տեսել է բոլոր տեսանյութերը, մանրամասներին ծանոթ է և արդեն իսկ դիմել են Բրյուսել։
«Դեսպանը հույս հայտնեց, որ գնահատական կհնչի։ Երբ մենք պնդեցինք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ որևէ գնահատական չհնչեց, նա իր մտահոգությունը հայտնեց ու վստահեցրեց` համակրանքը հայերի կողմն է։ Դեսպանի խոսքով` Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը»,–պատմեց Մելքոնյանը։
Նրա խոսքով` ԵՄ դեսպանի պատասխանները հստակ էին, չնայած որոշակի անհամաձայնություններ եղել են տերմինոլոգիայի առնչությամբ։
Մելքոնյանը նշեց նաև` դեսպանին ասել են, որ եվրոպական կառույցները նույն քաղաքականությունն են վարում, ինչ 2016-ին. այդ ժամանակ Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չէր կիրառվել։
Մելքոնյանի խոսքով` պետք է ազնիվ լինել ու ասել, որ ԵՄ դեսպանի դիրքորոշումը չափազանց հայանպաստ էր։ Անգամ անդրադարձ է կատարվել Շուշիի Ղազանչեցոցի ավերմանը, և դեսպանն ասել է, որ մեծ ցավ է ապրել այդ կապակցությամբ։
Հիշեցնենք, որ երեկ բազմամարդ բողոքի ակցիա ունեցավ ՄԱԿ–ի գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի մոտ։ Երեկ նույնպես հնչում էին «Մի լռեք», «Կույր մի եղեք» կոչերը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները