ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երկու զինվորականներ «Ազգային հերոս» բարձրագույն կոչման կարժանանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում։
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»,- գրել է վարչապետը։
Նա նաև հավելել է, որ հիմա էլ նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը հանուն հայրենիքի:
«Փա՛ռք հայոց բանակին»,- եզրափակել է գրառումը վարչապետ Փաշինյանը։
Նշենք, որ «Ազգային հերոսի» կոչմանն արժանացած անձանց թիվը դարձավ 20, որոնցից 18-ն ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները