ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել նորօրյա հերոսների մասին պատումները։ Այս անգամ հանրությանը ներկայացված հերոսներն են կապիտան Գևորգ Բալայանը, շարքային Հարություն Վարդանյանն ու փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը, որոնք ներկայացվել են մարտական մեդալների պարգևատրման։
Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ–ն, կապիտան Գևորգ Բալայանը ոչնչացրել է թշնամական 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա, ինչի համար ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Շարքային Հարություն Վարդանյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ճակատային գծի հարավարևելյան հատվածում թշնամական 3 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժի ոչնչացման համար:
Իսկ փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալով պարգևատրման `ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ հայկական զինված ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների
«Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները»,– ասված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը