ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն արձագանքել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին Վարդենիս քաղաքի մոտակայքում գտնվող Սոթք համայնքում ծանր վիրավորում ստացած երեխային։ Facebook-ի պաշտոնական էջում կարճ հաղորդագրություն է տարածվել.
«Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից»,- նշված է գրառման մեջ։
Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր կոչը և նշում, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։
Գրասենյակի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։ ԱԹՍ-ի հարձակման պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք էր ընթանում, դաշտում աշխատում էին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Հարվածի հետևանքով 14-ամյա երեխա է վիրավորվել։
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածից վիրավորված երեխայի վիճակը ծանր է
Տղան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նա վերակենդանացման բաժնում է։ Երեխայի մոտ առկա են աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: