ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, միշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, հաշվի առնելով կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ՀՀ ԿԳՄՍՆ–ն որոշել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը:
Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին
Նախարարության պահանջն ու կոչն է, որ ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դրանով հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը:
ՀՀ առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:
Համապատասխան գրությունները այսօր կուղարկվեն ուաումնական հաստատություններին։
Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում