ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունում փակ հանդիպում-քննարկում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները:
Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողություններում ներգրավելու միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ին Զոհրաբ Մնացականյանն Մոսկվայում հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Դռնփակ հանդիպումից առաջ և հետո արտգործնախարարները հանդես էին եկել հրապարակային հայտարարություններով, իսկ հանդիպման ավարտին պատասխանել լրագրողների հարցերին։
ՌԴ մայրաքաղաքում հանդիպում է նախատեսված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի հետ։